ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ կարժենա քաղաքական համաձայնությունը

Ինչ կարժենա քաղաքական համաձայնությունը
26.02.2013 | 18:02

Դավիթ Շահնազարյանը մտահոգված է, որ ծավալվող հետընտրական զարգացումները հղի են առճակատումների վտանգով, քանի որ թե´ Սերժ Սարգսյանը, թե´ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են կորցնել վերահսկողությունը հետագա զարգացումների նկատմամբ, ինչի հետևանքները ծանր կլինեն երկու կողմերի համար էլ:
«Արդյունքում իր նպատակին կարող է հասնել երրորդ կողմը, ինչպես մեկ անգամ արդեն տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում»,- նշել է նա իր տարածած հայտարարության մեջ: Ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին նա տեսնում է քաղաքական համաձայնության մեջ և կոչ է անում Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ վերսկսել երկխոսությունը և, հանուն մեր պետականության ու ժողովրդի, հասնել քաղաքական համաձայնության: Դավիթ Շահնազարյանը փորձառու քաղաքական գործիչ է, եղել է ինչպես 1988-ի, այնպես էլ 2008-ի Շարժման լիդերներից և լավ է պատկերացնում ժողովրդական ըմբոստության, ցասման ուժը: Նա տեսավ, որ 2013-ի ՀՀ նախագահի ընտրություններում, երբ հրաժարվեց առաջադրվել առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նրա համակիրները կոչ էին անում բոյկոտել ընտրություններն ու անվավեր դարձնել քվեաթերթիկները, միևնույնն է, ժողովուրդը գտավ ընդդիմադիր այլ առաջնորդի: Ասել է թե` ժողովուրդը չի ընդունում այս մի ընտրության արդյունքները ևս, ու ջինը շշից հերթական անգամ դուրս է եկել: Վերջին երկու-երեք տարում Հայ ազգային կոնգրեսը, որը միակ ընդդիմադիր ուժն էր հռչակել իրեն, հետևողականորեն ամեն ինչ արեց, որ այդ ըմբոստությունը կամաց-կամաց մարի, չնայած հանրահավաքից հանրահավաք Ազատության հրապարակում հավաքվող ժողովրդին կերակրում էր արտահերթ ընտրությունների խոստումներով: Իր անկանխատեսելի վարքով ժողովուրդը հիմա ձեռնոց է նետել ոչ միայն իշխանությանը, այլև այն ընդդիմությանը, որն իրեն միակն ու անկրկնելին էր հռչակել և մինչև վերջ հույս էր տածում, որ կկարողանա ժողովրդին ուղղորդել կանխատեսելի սցենարով: Դավիթ Շահնազարյանի մտահոգությունը, անշուշտ, տեղին է: Բայց որքանո՞վ է իրատեսական, որ այդ քաղաքական համաձայնության «կուտը կուտի» նաև ժողովուրդը, որը հերթական անգամ ըմբոստացել է և ո´չ հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուն աչքերի: Չէ՞ որ հանուն պետականության կայացվող քաղաքական համաձայնություններին հաջորդում են հերթական հուսախաբությունները, ահագնացող արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը, իրավազրկությունը: Առանց այն էլ` հանուն պետականության մեկ քառորդ դար ժողովուրդը բազում զրկանքներ է կրել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ